Դավիթին տեղափոխել են հիվանդանոց և կրկին՝ ՔԿՀ
1/4/2026 16:25

Դավիթ Մինասյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց․ այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
Դավիթին, այնուհետև, հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ, այս գործն արդեն իրավաբանության հետ կապ չունի, իրավաբանությունից կտրվել է,- լրագրողների հետ զրույցում ասել են Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի պաշտպանները:
«Այսօր ես հրապարակել եմ տեսագրությունը, թե ոնց է թիկնապահը եկեղեցու ծիսակատարության ընթացքում բռունցքով հարվածում 18 տարեկան երեխային: Մեր հարցին, թե արդյոք վերոնշյալ տեսանյութը իրավապահ մարմինները զննել կամ տեսել են, պատասխանը եղել է այն, որ իրենց որևէ տեսանյութ հայտնի չէ»,- նշել է Լուսինե Մարտիրոսյանը:
Պաշտպանների խոսքով՝ իրենք հայտարարել են, որ երեխան հիվանդություններ ունի, խնդրել են բժիշկներին 3 րոպե սպասել, որպեսզի մայրը բժշկական փաստաթղթերը բերի, սակայն բժիշկները չեն սպասել:
«Իրենց հետազոտությունը ավարտվեց միայն սոնոգրաֆիա անելով ու հարցնելով, թե ոնց է տղան, այստեղի բժիշկները գտան, որ բավարար է երեխայի վիճակը, իրենց 2 փաստաթղթի կոպիա եմ տվել, ասացին՝ Հայաստանում բոլորն այդ սրտի առիթմիան ունեն»,- հավելել է պաշտպան Վարդուհի Էլբակյանը:
Լուսինե Մարտիրոսյանը նշել է, որ հիմա գնում են Արմավիր ՔԿՀ՝ բժշկական փաստաթղթեր ներկայացնելու:
«Հիմա գնանք Արմավիր, տանենք բժշկական փաստաթղթերն այնտեղ, չնայած, որ այսօր եմ կարդացել մամուլում հերթական գանգատները՝ Արմավիր քրեակատարողական հիմնարկում բուժօգնության մատուցումից, այնտեղից ի՞նչ օգնություն պետք է ցույց տան»: