ՌԴ ԱԳՆ․ Պատրաստ ենք Հայաստանի հետ փոխգործակցել

1/4/2026 18:23

Ռուսաստանն ունի հնարավորությունների լայն զինանոց և պատրաստ է Հայաստանի հետ փոխգործակցել հիբրիդային ու կիբերսպառնալիքների դեմ պայքարում, եթե հայկական կողմից լինի համապատասխան շահագրգռվածություն,- ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է հայտարարել։ «Եթե կա շահագրգռվածություն և կարիք, ապա մենք պատրաստ ենք արձագանքել։ Մեր հնարավորությունների մասով՝ պետք է հասկանալ, թե կոնկրետ որ ոլորտն է հետաքրքրում՝ տեղեկատվության պաշտպանությունը, պայքարը կիբերխարդախների դեմ, թե՞ փոխգործակցությունը միջազգային հարթակներում։ Մենք պատրաստ ենք տրամադրել ոչ միայն փորձագիտական կարծիք, այլև իրականացնել փոխգործակցություն մի շարք ուղղություններով»,- նշել է նա և հիշեցրել, որ ՌԴ ԱԳՆ-ում գործում է Միջազգային տեղեկատվական անվտանգության դեպարտամենտը, բացի այդ, կան մի շարք այլ գերատեսչություններ, որոնց հիմնական գործունեությունը կիբերսպառնալիքների դեմ հակազդումն է։ «Եթե հայ գործընկերների կողմից կա շահագրգռվածություն, մենք միշտ բաց ենք երկխոսության համար՝ կամ արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով, կամ համապատասխան մասնագետների ներգրավմամբ այն ոլորտից, որը գործընկերներին ու ընկերներին առավել հետաքրքիր կլինի»։ Ինչ վերաբերում է Մոսկվայում ընթացող բարձր մակարդակի բանակցություններին, Զախարովան նշել է, որ դրանց օրակարգն ու արդյունքները պաշտոնապես կմեկնաբանվեն նախագահի աշխատակազմի կողմից՝ հավելելով, որ բոլոր անհրաժեշտ պարզաբանումները կտրվեն համապատասխան խողովակներով։