Սահմանադրությունը մենյու չէ, որից ընտրում են հարմար կերակրատեսակներ
2/4/2026 18:37

Սահմանադրությունը մենյու չէ, որից ընտրում են հարմար կերակրատեսակներ: Այս մասին խորհրդարանում «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Պետություն-եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ» լսումների ժամանակ ասել է Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ նախագահի տեղակալ Դավիթ Հարությունյանը:
«Եկեղեցու հետ կապված թեման որպես կանոն արծարծվում է ազգային ինքնության և հոգևոր կյանքի տեսանկյունից, բայց հայտարարությունը միտումնավոր անդրադառնում է այս հարցին միմիայն Սահմանադրության տեսանկյունից: Պետություն-եկեղեցի սահմանազատումը, որի շրջանակի մեջ են մտնում չմիջամտելու սկզբունքը, խղճի և կրոնի ազատության երաշխիքները, կրոնական համայնքների ինքնավարությունը՝ Սահմանադրության գծած սահմանն է, չեն կարող լինել սիրելի և ոչ սիրելի սահմանադրական դրույթներ: Սահմանը՝ լինի դա պետության, թե իրավունքի, կամ պահում են, կամ տրորում, ոչ ոք իրավունք չունի ոտնահարել Սահմանադրությունը, այն սահմանազատել է պետության և եկեղեցու լիազարոթյունները, ու այդ սահմաններից դուրս որևէ գործողություն արգելված է, անկախ նրանից, թե ով է պետության կամ եկեղեցու ղեկին:
Եթե պետությունը քննիչի ու դատավորի միջոցով եկեղեցու ներսում բարեփոխումներ է իրականացնում ու միջամտում պատարագի անցկացման կարգին, դա նշանակում է, որ մենք ոչ թե ժողովրդավարություն ենք կառուցում, այլ ստեղծում ենք մի նոր պետական կրոն՝ որտեղ վարչապետը կրոնապետն է, քննիչները և դատախազները առաքյալներ:
Վերջին տարում մեր իրավապահները ցույց են տալիս յուրահատուկ եռանդ եկեղեցական օրացույցին հետևելու հարցում, ու ցավալի է, որ Քննչական Կոմիտեն կիրակնօրյա պատարագին տեմպագին սպասում է մեկ պատճառով՝ Սուրբ Պատարագի ժամերին քննիչների մոտ՝ քննչական բաժնում քահանաների հետ զրուցելու անհետաձգելի ցանկության համար: Մեր դատարանները որոշել են, որ եթե եկեղեցին մեկին կարգալույծ է արել՝ դա դեռ վերջը չէ, մարդը կարող է գնալ դատարան և հետ բերել իր քահանայական շնորհը»,- նշել է նա:
Անդրադառնալով օրեր առաջ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ երիտասարդի ունեցած միջադեպին՝ Հարությունյանը նշում է, որ սա քրեական հալածանք է այն երիտասարների նկատմամբ, ովքեր համարձակվեցին պատշաճ հարգանք չցուցաբերել սրբավայր ելումուտ անող վարչապետի շքախմբի նկատմամբ:
«Դավիթին մեղադրում են, թե փորձել է հարվածել վարչապետին, թեև տեսանյութը բացի քննիչից ու դատավորներից բոլորն են տեսել, Միքայելին էլ մեղադրում են, թե իբր օգնել է հարվածել վարչապետին, բնակարանային խուզարկության արդյունքում էլ ոչինչ չգտան՝ բացի աղոթագրքերից»: