Էկոնոմիկայի նախարարությունում կրակոց է հնչել

6/4/2026 19:31

Այսօր կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված վայրից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այս պահին դեպքի վայր և հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները։ Տեղում պարզվել է, որ վիրավորը մոտ 21 տարեկան տղա է, ով ձախ սրունքի հատվածում ստացել է հրազենային վնասվածք՝ կրակոցի հետևանքով։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին։ Այս պահին իրավապահները պարզում են վիրավորի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը 21-ամյա Սուրեն Ռուսյանն է։