24-ամյա երիտասարդը բարձրությունից վայր է ընկել և մահացել

6/4/2026 23:06

Ապրիլի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունքիի մարզում, ինչի հետևանքով մահացել է Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը ժամը 15։20-ի սահմաններում մահացած վիճակում «Սևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզում հաշվառված 24-ամյա Աղասի Ս․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան խոշորացված համայնքի հանգստի գոտի երկրորդ փողոցի 5/9 հասցեում գտնվող «Լիլակե» նոր կառուցվող հյուրանոցում շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում բարձրությունից վայր ընկնելու հետևանքով։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, աշխատանքային անվտանգության կանոնները չպահպանելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ հատկանիշներով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Արցախյան 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից էր։ Պատերազմի ամենաթեժ օրերին եղել է առաջնագծում և իր զինակից ընկերների հետ անառիկ է պահել իրենց վստահված դիրքերը, իսկ «Լիլակե» նոր կառուցվող հյուրանոցը կառուցվում է Սևանի հին հիվանդանոցի տարածքում և մահացածն էլ աշխատում էր «Սերոբ Դանիելյան» ԱՁ-ում, որպես շինարար։