Հորմուզի նեղուցը բացվում է 2 շաբաթով

8/4/2026 13:41

Իրանը երկու շաբաթով բացում է Հորմուզի նեղուցը նավերի անցման համար. անցումը հնարավոր կլինի իրանական զինված ուժերի հետ համակարգման միջոցով և հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները․ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Երկշաբաթյա ժամկետով անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի իրանական զինված ուժերի հետ համակարգման միջոցով և հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները»,- ասված է հայտարարության մեջ, որը նախարարը հրապարակել է X սոցիալական հարթակի իր պաշտոնական էջում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանին հասցվող հարվածները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին և հավաստիացրել, որ հրադադարը կլինի երկկողմանի: Այնուհետև Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունները կսկսի ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: Իրանի Անվտանգության խորհրդի պնդմամբ՝ այն առաջարկների թվում, որոնց համաձայնել է ԱՄՆ-ն, ներառված են դրույթներ՝ Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության պահպանման, Թեհրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցների չեղարկման, Իրանի կողմից ուրանի հարստացման շարունակման, ինչպես նաև Մերձավոր Արևելքից ԱՄՆ բոլոր զորքերի դուրսբերման վերաբերյալ: