Վենս․ Իրանի հետ համաձայնության չհասանք
12/4/2026 11:24

Մենք մի շարք էական քննարկումներ ունեցանք իրանցիների հետ։ Սա լավ լուրն է։ Վատ լուրն այն է, որ մենք համաձայնության չհասանք, և կարծում եմ, որ դա վատ լուր է Իրանի համար շատ ավելի, քան Միացյալ Նահանգների․ այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ խոսելով Իսլամաբադում տեղի ունեցած բանակցությունների մասին։
«Մենք վերադառնում ենք Միացյալ Նահանգներ առանց համաձայնագրի։ Մենք շատ հստակ ուրվագծեցինք մեր կարմիր գծերը՝ ինչի շուրջ էինք պատրաստ համաձայնության գալ նրանց հետ, և ինչի շուրջ՝ ոչ։ Եվ մենք դա հնարավորինս հստակեցրինք, բայց նրանք որոշեցին չընդունել մեր պայմանները»,- հայտնել է նա։
Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային հայտնել է, որ Իսլամաբադում բանակցությունները տևել են 24 ժամ:
«Բանակցային հարցերը վերաբերել են` Հորմուզի նեղուցին, միջուկային հարցին, պատերազմի փոխհատուցումներին, պատժամիջոցների վերացմանը, Իրանի դեմ և տարածաշրջանում պատերազմի լիակատար դադարեցմանը»,- նշել է նա։