Հարկ է, որ ՀՀ վարչապետի որոշումից վերացվի նշյալ կեղծ տեղեկությունը

13/4/2026 16:31

Վաչապետի որոշմամբ Արման Սարոյանին «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ նշանակելը հերթական ոտնձգությունն է Հայոց Եկեղեցու ինքնավարության և Վեհափառի կանոնական իրավասությունների նկատմամբ: Այս մասին հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը: «ՀՀ վարչապետի 2026 թ. մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։ Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը։ Պետական կամ որևէ այլ կառույցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու արտոնությամբ։ Իսկ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից։ Այս քայլը հերթական ոտնձգություն է Հայոց Եկեղեցու ինքնավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։ Հարկ է, որ պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից վերացվի նշյալ կեղծ տեղեկությունը»,- նշված է հայտարարության մեջ: