Սեփական սխալների ընդունումը քաղաքական թուլության նշան չէ
14/4/2026 18:01

Ընդդիմադիր ուժերը հաջողություն հասնելու ճանապարհին, իրենց գործողությունների հիմքում պետք է դնեն նախորդ տարիների խորհրդարանական, փողոցային պայքարի փորձն ու արդյունքները և անհրաժեշտ եզրահանգումներ անեն:
ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Թեև հասարակության որոշ խմբեր ակնկալիք ունեին, որ Հայաստանում լայն թափ առնող ընտրական գործընթացները պետք է դառնային ծրագրային, գաղափարական, բանավեճերի հարթակ, սակայն իշխանությունը՝ հավատարիմ մնալով իր արատավոր քաղաքական գծին, այն վերածում է վիրավորանքի, զրպարտության, կեղծիքի, անարդարության և անհավասար պայմաններում առավելություն ապահովելու անազնիվ մրցասպարեզի:
ՀՀԿ-ն իր համագումարյան բանաձևով արձանագրեց, որ մեր քաղաքական առաջնահերթությունը ինքնանպատակ իշխանություն ունենալը չէ, այլ Հայաստանի ինքնիշխանության, պետականության, ազգային արժեքների ու արժանապատվության, ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագայի պաշտպանությունն է:
Ստեղծված իրավիճակում, ընդդիմադիր ուժերը հաջողություն հասնելու ճանապարհին, իրենց գործողությունների հիմքում պետք է դնեն նախորդ տարիների խորհրդարանական, փողոցային պայքարի փորձն ու արդյունքները և անհրաժեշտ եզրահանգումներ անեն:
Սեփական սխալների ընդունումը քաղաքական թուլության նշան չէ, այլ դրանցից հետևություններ անելով՝ ապագան կառուցելու և հանրային վստահությունը ամրապնդելու նախապայման: