Դավիթ Մինասյանի քրեական գործն ուղարկվել է դատարան

14/4/2026 20:44

Երևանի Սուրբ Աննա Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ ՀՀ գլխավոր դատախազությունից 1lurer.am-ին հայտնեցին, որ դատախազը վարույթն իրականացնող մարմնից՝ Քննչական կոմիտեից, ստացել է Դավիթ Մինասյանի վերաբերյալ քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու նպատակով: «Հսկող դատախազի որոշմամբ դատարանի կողմից ընտրված կալանք խափանման միջոցն այսօր վերացվել է, կիրառվել է բացակայելու արգելք: Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան»,- հայտնեցին դատախազությունից: Հիշեցնենք` մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։