Ցանկացած կառուցած բան 5 րոպեում կարելի է քարուքանդ անել

16/4/2026 11:25

Որ լավ շրջող լինի, միշտ էլ կարելի է շրջել, ըստ էության ցանկացած կառուցած բան 5 րոպեում կարելի է քարուքանդ անել: Այս մասին ԱԺ-ում Կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ ասել է Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ո՞ր համակարգերն են, որ իրենց իշխանության ժամանակահատվածում բարեփոխումները դարձրել են այլևս անշրջելի: «Ես կարծում եմ, որ մասնավորապես կրթության և բանակի ոլորտում ենք մենք այդպիսի փոփոխություններ արել, շինարարության ոլորտում ևս մենք այդպիսի փոփոխություններ ենք արել: Ամենակարևոր ձեռքբերումը բնականաբար համարում եմ խաղաղությունը, երկրորդը՝ առողջության ապահովագրության համակարգը և դրանից բխող սոցիալական հատվածում մյուս ձեռքբերումները՝ սկսած կենսաթոշակների շարունակական բարձրացմամբ և հետվճարի համակարգից: Հաջորդիվ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի աջակցության ծրագիրն է, մինչև երկու տարեկան երեխաների խնամքի ծրագիրը, որը բոլոր մայրերին տրվում է երեխաների մինչև երկու տարեկան լրանալը, պետական համակարգում իրականացված փոփոխությունները՝ մասնավորապես ատեստավորումը, ինչպես նաև բանակում տեղի ունեցած բարեփոխումները, այն համարում եմ ռազմավարական նշանակության հաջողություն: Շատ մեծ հաջողություն եմ համարում կատարողականի գնահատման հիմման վրա վարձատրության նոր պիլոտային համակարգի ներդրումը»,- նշել է նա: