Բաքուն Երևանի համար տարանցիկ հնարավորություններ է ապահովում․ Ալիև

20/4/2026 14:37

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի մասնակիցներին ուղղված ուղերձում նշել է, որ աշխարհաքաղաքական լարվածության աճի պայմաններում Բաքուն վերահաստատում է պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների նկատմամբ իր հավատարմությունը։ Ըստ Ալիևի՝ 2021 թվականից ի վեր Հարավային Կովկասում «արմատական փոփոխություններ» են տեղի ունեցել. նա պնդել է, թե Ադրբեջանն ամբողջությամբ վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և Հայաստանի հետ խաղաղության օրակարգ ձևավորելու գործընթաց սկսել։ Նա նաև մատնանշել է հարաբերությունների կարգավորման հարցում արձանագրված «պատմական առաջընթացը», որը, նրա գնահատմամբ, ձեռք է բերվել անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ժամանակ։ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն առևտրային կապեր են հաստատվել, իսկ Բաքուն Երևանի համար տարանցիկ հնարավորություններ է ապահովում։ Ըստ նրա՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխայցելությունները նպաստում են վստահության ամրապնդմանը։