Եկեղեցու ինքնավարությունը պետք է հարգվի. ՄԻՊ
20/4/2026 17:16

Հոգևորականների նկատմամբ մեծ ատելության խոսք կա, եկեղեցու ինքնավարությունը պետք է հարգվի,- ԱԺ-ում պատգամավորներին զեկույց ներկայացնելու ժամանակ ասել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
«Արձանագրել ենք, որ նախորդ տարի գրեթե բոլոր կրոնական կազմակերպությունների և ներկայացուցիչների առումով առկա են եղել բավականին բարձր ատելության, թիրախավորող խոսքի տարբեր դրսևորումներ, հատուկ շեշտադրել ենք կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի և ինքնավարության հետ կապված խնդիրները»,- նշել է նա:
Անահիտ Մանասյանը շեշտեց, որ 2025 թվականին Հայաստանում առաջին անգամ է, որ ՄԻՊ-ի տարեկան հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել մեծ ծավալով կրոնական ազատությունների հետ կապված հարցին, նշեց, որ տարեկան հաղորդումը երբևէ այդպիսի ծավալով չի ունեցել հարցին անդրադարձ: Հավելեց՝ խոսքը եղել է ինչպես կրոնական փոքրամասնությունների, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու հետ կապված հարցերին առնչվող քննարկման համատեքստում:
«Մեր ուշադրության կենտրոնում են նաև քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների երաշխիքների հետ կապված հարցերը: Հայաստանում կալանքի կիրառման պրակտիկան շատ խնդրահարույց է մնում, այս առումով մեր կողմից դարձյալ բազմաթիվ են արձանագրվող խնդիրները, խնդրի դիտանկյունից պետությունը միանշանակ պետք է շատ լուրջ գործիքներ և կառուցակարգեր կիրառի և ի վերջո լուծի այն խնդիրը, որը տարիների կտրվածքով կուտակվել և այդպես էլ չի հաղթահարվում: Եթե հետ նայենք շատ երկար տարիներ առաջ և հիմա, սա երևի միակ ոլորտներից է, որտեղ խնդիրը գրեթե նույն տրամաբանությամբ շարունակվում է:
Խոսքի ազատության սահմանների խախտման համար քրեական պատասխանատվության գործիքների կիրառման առումով ևս մտահոգություններ ունեմ, որովհետև շատ են դեպքերը, երբ ակնհայտ է, որ խոսքի ազատության սահմանները, իրավաչափ սահմանները խախտվել են: Բազմաթիվ հարցեր է առաջացնում այն հանգամանքը, թե արդյո՞ք այդ խախտման համար կարող է կիրառվել քրեական պատասխանատվություն, թե ոչ, որովհետև բոլորիս է հայտնի, որ խոսքի ազատության սահմանների խախտման համար քրեական պատասխանատվությունը բացառապես ամենամեծ հանրային վտանգավորություն ունեցող դեպքերում կարող է կիրառվել: Հետևաբար, այս առումով մի շարք դեպքերում հայեցողական արդարադատության տպավորություն է ստեղծվում ու այս խնդրին միանշանակ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել»,- ասել է Մանասյանը: