Վեհափառն ընդունել է Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքին

20/4/2026 22:13

Ապրիլի 20-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, Հայաստան ժամանեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Մայր Տաճարի ղողանջների ներքո Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքին թափորով առաջնորդեց Միածնաէջ Մայր Տաճար, ուր կատարվեց «Հրաշափառի» արարողություն։ Տաճարում երկու Հովվապետերը խոնարհվեցին Իջման Սուրբ Սեղանի առջև: Միասնական աղոթքից հետո Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հանուն Մայր Աթոռի միաբանության, ողջունեց և իր բարեմաղթանքները հղեց Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքին: Իր հերթին Եփրեմ Բ Պատրիարքը գոհունակություն հայտնեց Աստծո կամքով Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու առիթով և աղոթք վերառաքեց Հայոց Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Ապա Վեհարանում տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքի առանձնազրույցը: