Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններին

21/4/2026 18:12

Ադրբեջանի ԱԳՆ-ն առանձին-առանձին կանչել է Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններին՝ կապված այդ երկրների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի հետ, որոնք առնչվում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին հայտնել է ադրբեջանական արտաքին գործերի գերատեսչության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Հանդիպումների ընթացքում վճռական բողոք է հայտնվել 2026 թվականի ապրիլի 16-ին Բելգիայի և Նիդերլանդների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի կապակցությամբ, որոնք գնահատվում են որպես հերթական անպատասխանատու փորձեր՝ ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղության գործընթացի խաթարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ինչպես ընդգծել են ԱԳՆ-ում, այդ փաստաթղթերը կազմված են լիովին կեղծ և անհիմն գնահատականների հիման վրա և ցուցադրում են նշված կառույցներում խորը արմատներ ձգած հակաադրբեջանական կողմնակալությունը։ «Հանդիպումների ժամանակ վճռականորեն մերժվել են Ադրբեջանի ինքնիշխան տարածքներին վերաբերող կեղծ հղումները, անհիմն մեղադրանքները՝ կապված Հայաստանի տարածքային ամբողջականության իբր խախտման, հայկական ծագում ունեցող անձանց իրավունքների և նրանց իբր անօրինական ձերբակալության հետ»,- նշվում է տեքստում։ ԱԳՆ-ում պարադոքսալ են համարել այն փաստը, որ տվյալ փաստաթղթերի ընդունումը ժամանակի առումով համընկել է ապրիլի 17-ին Ստամբուլում Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների խոսնակների հանդիպման հետ։ Բաքուն կոչ է արել բելգիական և նիդերլանդական կողմերին ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ իրենց խորհրդարաններում հակաադրբեջանական խմբերի գործողությունները կանխելու համար, որոնք կարող են վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին»։