Բյուրեղավանում բնակիչները նույն ախտորոշմամբ դիմել են բուժհաստատություններ
22/4/2026 15:57

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում մեծ թվով բնակիչներ «սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում» ախտորոշմամբ դիմել են բուժհաստատություններ։ Ըստ տուժածների՝ պատճառը խմելու ջուրն է եղել։
Shamshyan.com–ն արդեն մի քանի ժամ է բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչներից, ովքեր անհանգստացած խնդրում են պատկան մարմինների ուշադրությունը՝ հայտնելով, որ մի քանի օր է իրենց քաղաքում բնակիչները դիմում են շտապօգնություն, քանի որ ունեցել և ունենում են սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։
Թունավորման դեպքեր են գրանցվել Սամվել Վարդանյան փողոցում գտնվող շենքերում ապրող մի քանի բնակիչների մոտ, ովքեր նման ախտանիշներով դիմել են Բյուրեղավան քաղաքում գործող Անդրանիկ Պետրոսյանի անվան պոլիկլինիկա։
Մի մասը նույնիսկ դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն և բոլորը նշել են, որ իրենք հավանաբար թունավորվել են ջրից։
Բժիշկներին դիմած բոլոր տուժածները հայտնել են, որ իրենք ոչ գազից, ոչ էլ սննդից են թունավորվել, քանի որ բնակարաններում գազի արտահոսք տեղի չի ունեցել և կասկածելի սնունդ չեն օգտագործել։
Տեղում իրավիճակը վերահսկելու և թունավորված քաղաքացիների ինքնությունը պարզելու համար Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակիցները շրջայցեր են կատարում թունավորվածների բնակարաններ՝ ճշտելու մանրամասները։
Կայքի հետ զրույցում Բյուրեղավանի Անդրանիկ Պետրոսյանի անվան պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանն ասել է. «Երեկվանից մեր պոլիկլինիկայի աշխատակիցները մոտ 30 կանչով եղել են Բյուրեղավանի տարբեր հասցեներում. մի մասին տեղում են օգնություն ցուցաբերել, մի մասին էլ տեղափոխել ենք պոլիկլինիկա։ Իսկ 2 հոգու այսօր շտապօգնության մեքենաներով տեղափոխել ենք «Աբովյան» բժշկական կենտրոն։ Այս պահին մեկ երեխայի էլ ենք ուզում տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն ծնողները խնդրեցին իրենք իրենց մեքենայով տանեն»։