Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրոշն այրողներին
24/4/2026 13:44

Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել այդ գործողությունները կատարած անձանց,- այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով երեկ Թուրքիայի դրոշն այրելուն:
«Հայաստանի կառավարությունը պետք է ժամանակին կանխեր նմանատիպ արշավը, որն «էթնիկ հողի վրա արմատացած ատելության մարմնավորում» է, և ձեռնարկեր անվտանգության համապատասխան միջոցներ: Լիովին անընդունելի է նման գործողությունների վրա աչք փակելը՝ քողարկվելով ժողովրդավարական նորմերով, հավաքների ազատությամբ և կարծիքի ազատությամբ։
Նման գործողությունները, որոնք շարունակում են մնալ Հայաստանում «ռևանշիզմի և էթնիկ ատելության վրա հիմնված ֆաշիստական մտածողության» բացահայտ դրսևորում, պետք է դատապարտվեն և կանխվեն միջազգային մակարդակով»,- ասված է հայտարարության մեջ։