Երևանը չպետք է ԵՄ-ից իրական օգնություն ակնկալի

24/4/2026 16:11

Եվրոպական միության երկրները ձգտում են Հայաստանը վերածել իրենց ֆորպոստի, սակայն Երևանը չպետք է ԵՄ-ից իրական օգնություն ակնկալի,- ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է հայտարարել։ «Մենք տեսնում ենք, թե ինչպես է Եվրոպական միությունը, որը որդեգրել է միլիտարիզացման կուրս՝ կրկին դիմակայելու համար առասպելական ռուսական սպառնալիքին, ձգտում Հայաստանը վերածել իր ֆորպոստի, և սա խիստ հակասում է Երևանի պաշտոնական կուրսին՝ չծառայել որպես մանրադրամ երրորդ երկրների շահերի համար։ Հայաստանի համաձայնությունն իր տարածքում նոր առաքելության տեղակայմանը, ըստ ամենայնի, պայմանավորված է նրանով, որ դրա օգնությամբ երկրի ղեկավարությունն ակնկալում է արագացնել իր առաջխաղացումը եվրոպական ուղիով։ Մեղմել ազգային տնտեսությանը և բնակչության բարեկեցությանը հասցվող վնասը Երևանի վերակողմնորոշման դեպքում՝ ոչ թե դեպի ԵՄ անդամակցություն, այլ պարզապես դեպի ԵՄ-ն և նրա պահանջները, եվրոպական խորհրդատուները հազիվ թե կարողանան. նրանցից ոչ մի իրական օգնություն չի լինի, ինչպես որ չկա իրական օգնություն այլ երկրներին, որոնց նրանք սիրենների նման անդադար խոստանում են շուտափույթ անդամակցություն, իսկ ըստ էության՝ միայն արտահանում են ռեսուրսները կամ օգտագործում այդ պետություններն իրենց քաղաքական նպատակների համար»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է դիվանագետը։ Անդրադառնալով Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությանը, Զախարովան նշել է, որ Եվրամիությունը չի թաքցնում, որ դա թույլ կտա Բրյուսելին միջամտել երկրի ներքին գործերին և ազդեցություն ունենալ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ելքի վրա։ «Ապրիլի 21-ին Եվրոպական միության խորհուրդը որոշում է կայացրել Հայաստան գործուղել, ինչպես իրենք են ձևակերպել, «գործընկերային առաքելություն՝ անվտանգության պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակներում»։ Խոսքն արդեն այդ երկրում Եվրամիության երկրորդ քաղաքացիական առաքելության մասին է, բայց ակնհայտ է, որ նոր մեխանիզմը, որը եվրոպացիների կողմից ներկայացվում է որպես իբր օգնություն Երևանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, Բրյուսելին լրացուցիչ լծակներ կտա հայկական նախարարությունների և ազգային ինստիտուտների վրա ազդելու համար։ Ի դեպ, Բրյուսելում դա նույնպես ոչ ոք չի թաքցնում»,- նշել է դիվանագետը։ «Ապօրինի ֆինանսական հոսքերին հետևելու և կիբերհարձակումներին հակազդելու, տեղեկատվության մանիպուլյացիայի ու երրորդ երկրների կողմից տեղեկատվական միջամտության դեմ պայքարի պատրվակով ԵՄ-ն փորձելու է միջամտել Հայաստանի ներքին գործերին, այդ թվում՝ իսկ մենք Եվրամիությանը վատ չենք ճանաչում և դա ոչ մի դեպքում չի կարելի բացառել, նրանք ցանկանալու են և ցանկանում են ազդել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ելքի վրա»,- ասել է նա։