Երևանում տղամարդ է դանակահարվել

27/4/2026 13:16

Ապրիլի 19-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բրյուսով փողոցի 23 հասցեի մոտից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «գոտկային շրջանի դանակահարություն, պոլիտրավմա» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու, հաղորդում է Shamshyan.com–ը։ Հիվանդանոցում պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 59-ամյա Կարեն Ղ․-ն է։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Երևանի բնակիչ 50-ամյա Ստեփան Շ․-ն դանակով հարվածել է Կարեն Ղ․-ի ձախ գոտկային հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ստեփան Շ․-ն մարմնական վնասվածք հասցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Ստեփան Շ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։