Մուստաֆաևն ու Գրիգորյանը Աղվերանում համաձայնագիր են ստորագրել

29/4/2026 19:43

2026թ. ապրիլի 29-ին Հայաստանի Հանրապետությունում՝ Աղվերանում, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Գոհունակությամբ նշվել է, որ հանձնաժողովների 13-րդ հանդիպումը կրկին կայանում է կողմերից մեկի տարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում՝ Աղվերանում: Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցերի շուրջ: Կողմերը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ հետևյալ ուղեցույցների նախագծերի տեքստերը. «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույց», «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույց», «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգի մասին ուղեցույց»: Կողմերը համաձայնության են եկել դիմել իրենց կառավարություններին՝ ուղեցույցների համապատասխան հաստատման համար։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն առանձին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Նշվել է, որ դեպի Հայաստանի Հանրապետություն բեռների տարանցումն Ադրբեջանի Հանրապետության տարածքով հաջողությամբ իրականացվում է և ներկայումս շարունակվում է։ Գոհունակությամբ նշվել է, որ Ադրբեջանն իրականացնում է նավթամթերքի մատակարարում դեպի Հայաստան, ինչը վկայում է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ձևավորման մասին։ Տեղի է ունեցել նաև կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումներին, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցերի շուրջ։ Հատուկ ընդգծվել է, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր են դարձել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական կամքի շնորհիվ: Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համապատասխան արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել Ադրբեջանի Հանրապետությունում հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը: