Ավտոբուսը կողաշրջվել է, վիրավորներ կան

29/4/2026 19:47

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Սիս-Սիփանիկ ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Գագիկ Ա․-ն իր վարած, Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վնասվել է նաև գազատար խողովակը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից ավտոբուսի 6 ուղևոր տեղում առաջին բուժօգնություն են ստացել, որոնցից մեկը, ով հղի կին է, տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են տեղում բուժօգնություն ստացած և վիրավոր քաղաքացու ինքնությունը։ Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների ներկայացուցիչները։