Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում

30/4/2026 11:24

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին՝ պետական այցի շրջանակում կլինի Գյումրիում և կմասնակցի մեծ համերգի, տեղեկանում ենք կառավարության այսօրվա նիստին ներկայացված նախագծերից։ Կառավարությունը համերգի կազմակերպման նպատակով կհատկացնի մոտ 393 մլն դրամ՝ ավելի քան մեկ միլիոն դոլար։ «Մայիսի 5-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում նախատեսվում է կազմակերպել մեծ համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը: Համերգային ծրագրում կհնչեն հայկական և ֆրանսիական թեմատիկ երգեր, որոնք կներկայացնեն հայ և ֆրանսիացի անվանի արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ»,- նշված է որոշման նախագծում։ Համերգի կազմակերպման վայր է ընտրվել Գյումրին, քանի որ, ըստ կառավարության, Գյումրիում մեծ է սերն ու հետաքրքրությունը ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի նկատմամբ, ինչը պայմանավորված է 1988 թվականի երկրաշարժից հետո քաղաքի վերականգնման գործում Ֆրանսիայի ժողովրդի և կառավարության կողմից ցուցաբերած աջակցությամբ։