Wildberries-ը դադարեցրել է ՀՀ առևտրային ընկերությունների վաճառքները

1/5/2026 14:07

Wildberries մարկետփլեյսը դադարեցրել է հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է անհատ ձեռնարկատեր Շուշան Մկրտչյանը։ Ավելի վաղ Մկրտչյանը սոցցանցերում գրել էր խնդրի մասին` նշելով, որ Հայաստանից վաճառքները դադարեցվել են առանց որևէ պատճառաբանության, մի քանի ժամում։ Խնդրի պատճառով բազմաթիվ վաճառողներ հայտնվել են անորոշ իրավիճակում։ «Wildberries մարկետփլեյսը երեկ առավոտվանից սկսել էր քիչ-քիչ փակել հայ վաճառողների ապրանքները։ Այս մասին վաճառողները սկսեցին գրել տելեգրամյան խմբում, որտեղ 2500 ձեռնարկատեր կա։ Երեկ երեկոյան արդեն բոլոր հայկական ԱՁ ու ՍՊԸ ունեցողների ապրանքները փակվեցին Wildberries-ում»,- ասել է Մկրտչյանը և ընդգծել, որ ստացվում է՝ հայկական բիզնեսի համար փակվեց արտահանման կարևոր մարկետփլեյս, և վաճառքների ծավալները խիստ կկրճատվեն։ «Հատկապես փոքր բիզնեսների համար մարկետփլեյսը ոչ միայն վաճառքի միջոց էր, այլ նաև արդյունավետ գործիք՝ կանխիկ հոսքեր ձևավորելու և բրենդի ճանաչելիությունը ԵԱՏՄ երկրներում բարձրացնելու համար։ Այս իրավիճակում առավել քան երբևէ կարևոր է, որ պետությունը կանգնի փոքր բիզնեսի կողքին։ Ի վերջո, հենց փոքր բիզնեսներն են ձևավորում ապագայի մեծ բիզնեսները»,- ասել է Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ իրենք հույս ունեն, որ խնդրի մասին պետական մակարդակով պարզաբանում կտրվի։ Ոչ Wildberries-ից, ոչ ՀՀ պատկան մարմինները դեռ պաշտոնական որևէ մեկնաբանություն չեն տվել և չեն հաստատել խնդրի առկայությունը։ Ավելի ուշ Շուշան Մկրտչյանը գրել է, որ հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցրել է նաև OZON–ը։