Փաշինյանը հյուրընկալել է Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովային

3/5/2026 15:22

Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովային։ Վարչապետը ողջունել է Իլիանա Յոտովայի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է տիկին Յոտովային՝ Բուլղարիայի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ։ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր քաղաքական երկխոսության մակարդակի վրա և այսօր այն արձանագրվելու է հարաբերությունների ռազմավարական բնույթի ստորագրվող փաստաթղթով։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունները մեծ պոտենցիալ ունեն։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիային նաև Եվրոպական միության շրջանակում Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Բուլղարիա հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր, անդրադարձել տարածաշրջանային նշանակության տարբեր թեմաների։ Հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը և Իլիանա Յոտովան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը։