Թուրքիայից հերքել են հունիսի 4-ին սահմանային անցակետերի բացման մասին լուրերը

5/5/2026 15:08

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ՀՀ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ կստանա. Թուրքիայից հերքել են հունիսի 4-ին սահմանային անցակետերի բացման մասին լուրերը,- Անկարայի դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով՝ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում, որն անընդմեջ շարունակվում է արդեն չորս տարի, մինչ օրս ձեռնարկվել են վստահության ամրապնդման բազմաթիվ միջոցառումներ՝ ընդգրկելով տրանսպորտային, մշակութային, առևտրային և կրթական ոլորտները։ Սահմանի հարցով նույնպես տարվում են նախապատրաստական աշխատանքներ՝ որոշումների կայացման դեպքում դրանք հնարավորինս շուտ կյանքի կոչելու նպատակով։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ այն գործընթացը, որը մեր երկիրը վարում է Հայաստանի հետ, նոր թափ կստանա։ Սահմանային անցակետերի բացման ժամանակացույց դեռևս չկա»,- նշել են Անկարայում։ Ավելի վաղ թուրքական Cumhuriyet թերթը հանդես էր եկել պնդմամբ, թե Հայաստանի հետ սահմանին անցակետի բացումը նախատեսված է հունիսի 4-ին։ Ըստ հրապարակման՝ 1993 թվականից փակ թուրք-հայկական սահմանը կարող է բացվել Հայաստանում խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ։ Թերթը հիշեցրել էր, որ 1918 թվականի հունիսի 4-ին դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Օսմանյան կայսրության և Հայաստանի միջև, և անցակետի բացումը կարող է հարմարեցվել այդ ամսաթվի հետ: