Վեդիի դեպքով առաջիկայում խափանման միջոցների կիրառման որոշումներ կլինեն

6/5/2026 15:53

Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով նախաձեռնված վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո։ Ազգային ժողովում այս մասին հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ազգային ժողովում պատգամավորի հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազը նշել է, որ դեպքի մասին տեղեկացել է անմիջապես հանրայնացումից հետո։ «Վեդիի դեպքի մասին տեղեկացել եմ անմիջապես, երբ հանրայնացվել է»,-ասել է Վարդապետյանը՝ ընդգծելով, որ նմանատիպ դեպքեր նախկինում ևս արձանագրվել են տարբեր մարզերում։ Նրա խոսքով՝ համանման իրավիճակներ արձանագրվել են ոչ միայն Արարատի և Գեղարքունիքի մարզերում, այլև Երևանում և Շիրակի մարզում, որտեղ երեխաները ներգրավված են եղել պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ։ Գլխավոր դատախազը նշել է, որ դատախազությունը դեռ տարիներ առաջ նման դեպքերից հետո միջնորդագրեր է ուղարկել իրավասու մարմիններին՝ առաջարկելով դատախազությանը ներգրավել կանխարգելիչ հանձնաժողովների աշխատանքներում։ «Ինչքան էլ մենք հետո քննենք, խիստ խափանման միջոցներ ընտրենք, այն տրավման, որը պատճառվել է, հնարավոր չէ ամբողջությամբ բուժել կամ հետևանքները վերացնել»,-ընդգծել է Վարդապետյանը։ Վարդապետյանի խոսքով՝ նման հանցագործությունների դեպքում հաճախ թիրախավորվում են խոցելի խմբերը, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող անչափահասները։ Նա անդրադարձել է նաև դատավարական գործողությունների ընթացքում անչափահասների մասնակցության առանձնահատկություններին՝ նշելով, որ օրենքը պահանջում է մանկավարժի և հոգեբանի ներգրավում, ինչպես նաև հարցաքննությունների հատուկ զգայուն մոտեցում։ «Դատախազությունը շատ հետևողական է այդ հարցում»,-ասել է գլխավոր դատախազը։ Վարդապետյանը հայտնել է, որ Վեդիի դեպքով նախաձեռնված վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական վերահսկողության ներքո և առաջիկայում կքննարկվեն նաև խիստ խափանման միջոցների կիրառման հարցերը։ «Կարճ ժամանակ հետո նաև խափանման միջոցի վերաբերյալ ձեր մտահոգությունը դուրս կգա, որովհետև այս մասով մենք խիստ խափանման միջոցների ենք գնում»,-նշել է նա։