Սուրեն Պապիկյանը հանդիպել է Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշի հետ

6/5/2026 20:07

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշի հետ, պաշտոնայները առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով։ «Գոհունակություն ենք հայտնել համագործակցության ներկայիս մակարդակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն արդյունավետորեն իրականացվում է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված 2026 թվականի երկկողմ պլանի համաձայն։ Որպես հետագա համագործակցության առաջնահերթ ուղղություններ՝ առանձնացվել են ռազմական կրթությունը, փորձի փոխանակումը և համատեղ վարժանքներին մասնակցությունը։ Քննարկվել է նաև ընթացիկ տարվա փետրվարին ստորագրված ռազմատեխնիկական գործակցության մասին համաձայնագրի շրջանակում ռազմատեխնիկական համագործակցության իրականացման կարևորությունը։ Պայմանավորվել ենք շարունակել քննարկումները Երևանում։ Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշին հրավիրել եմ այցելել Հայաստան։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև առաջիկայում Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ բացելու վերաբերյալ։ Կարծիքներ ենք փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ»,-գրել է Պապիկյանը։