ՀՀ-ում ռուսական ռազմակայանի դեմ կարող է սադրանք լինել. Տրենին

7/5/2026 12:04

Միջազգային հարաբերությունների ռուսաստանյան խորհրդի նախագահ Դմիտրի Տրենինի կարծիքով, «Մոսկվայի հակառակորդները կձգտեն նոր ճակատներ բացել Ռուսաստանի դեմ՝ օգտագործելով հարավային ուղղությամբ հարեւանների հետ առկա հակասությունները»։ «Ռուսաստանի հետ պատերազմի մեջ Վրաստանին ներքաշելու Արեւմուտքի փորձերը հաջողությամբ չպսակվեցին Թբիլիսիի ամուր դիրքորոշման պատճառով, որտեղ շեշտը դնում են ազգային շահերի վրա։ Այդուհանդերձ, չի կարելի լիովին բացառել «Սաակաշվիլիի դեպքի» կրկնությունը՝ իշխանափոխության եւ վրացական քաղաքականության վեկտորի փոփոխության պարագայում։ Հայաստանը դեռեւս «խաղաղ կերպով» Ռուսաստանից հեռանում է դեպի Արեւմուտք, բայց ինչ-որ պահի հնարավոր են սադրանքներ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի դեմ։ Եվրոպական երկրները, առաջին հերթին՝ Անգլիան, Մոսկվայի դեմ ինտրիգներ են լարելու Ադրբեջանում, Ղազախստանում եւ Միջին Ասիայում»,- «Մեդիամաքս»-ի հաղորդմամբ՝ գրել է քաղաքագետը «Նոր դարաշրջանի պատերազմների կերպարն ու բնույթը» հոդվածում։ «Ռուսաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ առայժմ բավականին կայուն են, զարգանում են փոխգործակցությունն ու համագործակցությունը, սակայն երկու երկրների շահերն ակնհայտորեն հատվում են Կովկասում, Սեւծովյան ավազանում եւ Միջին Ասիայում։ Բախման ճակատագրական անխուսափելիություն չկա, բայց Օսմանյան կայսրության ժառանգները հատուկ ուշադրություն եւ պատշաճ վերաբերմունք են պահանջում»,- նշել է քաղաքագետը: