ՌԴ ՊՆ-ն զինադադար է հայտարարել

7/5/2026 20:43

Ռուսաստանը մայիսի 8-ի 00:00-ից մինչև մայիսի 10-ը զինադադար է հայտարարում, դադարեցնում է մարտական գործողությունները և հարվածները Ուկրաինայի տարածքի խորքում. այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը: Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ եթե Ուկրաինան խախտի զինադադարը, համարժեք պատասխան կտրվի։ Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարությանը խոչընդոտելու փորձի դեպքում Կիևի կենտրոնին զանգվածային հրթիռային հարված կհասցվի, հայտնել է նախարարությունը։ «Ըստ Ռուսաստանի Դաշնության նախագահ, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վ.Վ. Պուտինի որոշման՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 81-ամյակի տոնակատարության օրերին՝ մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը, ռուսական կողմը զինադադար է հայտարարում: Նշված ժամանակահատվածում ռուսական զորքերի բոլոր խմբավորումները հատուկ ռազմական գործողության գոտում լիովին կդադարեցնեն մարտական գործողությունները: Միաժամանակ դադարեցվում են հրթիռային զորքերի և հրետանու, ծովային և օդային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքի, հարվածային անօդաչու թռչող սարքերի հարվածները Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման վայրերին և Ուկրաինայի տարածքի խորքում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի ու զինված ուժերի հետ կապված ենթակառուցվածքային օբյեկտներին: Ուկրաինական կողմին կոչ ենք անում հետևել այս օրինակին: Ուկրաինայի զինված ուժերի կողմից զինադադարի խախտման, ինչպես նաև ռուսական տարածաշրջանների բնակավայրերին և օբյեկտներին հարվածներ հասցնելու փորձերի դեպքում ՌԴ զինված ուժերը համարժեք պատասխան կտան: Նաև հիշեցնում ենք, որ կիևյան ռեժիմի կողմից Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-ամյակի տոնակատարությունը խափանելու փորձերի դեպքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը զանգվածային հրթիռային հարված կհասցնեն Կիևի կենտրոնին: Եվս մեկ անգամ զգուշացնում ենք Կիևի քաղաքացիական բնակչությանը և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին՝ քաղաքը ժամանակին լքելու անհրաժեշտության մասին»,- հայտնում են ՌԴ ՊՆ-ից։