Վերականգնվում է Wildberries-ում հայկական ապրանքների արտահանումը

8/5/2026 18:32

Wildberries-ը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված և մակնշված որոշ ապրանքների Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին։ «Ավելի վաղ՝ մաքսային կարգավորման նոր պահանջների ուժի մեջ մտնելու և ապրանքների ծագման հաստատման նպատակով վաճառողների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության կապակցությամբ, մատակարարումների մի մասը բախվել է լրացուցիչ ստուգումների և տեսակավորման կենտրոններում մշակման ուշացումների։ Գործընթացները կարգավորելու և հետագա ուշացումները կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս որոշ ապրանքային քարտերի հասանելիությունը ժամանակավորապես սահմանափակվել էր։ Պետական մարմինների, գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է իրավիճակի կարգավորման ճանապարհային քարտեզ, որի շրջանակում արդեն մասնակիորեն վերականգնվել է հայկական արտադրության ապրանքային քարտերի հասանելիությունը։ Ճանապարհային քարտեզի իրականացման շրջանակում վաճառողներին տրամադրվում են նաև աջակցություն, ներառյալ անհատական տեխնիկական սպասարկում և ապրանքների առաջխաղացման հարցերում աջակցություն, որոնք ուղղված են վաճառքների լիարժեք վերականգնման ապահովմանը։ Հաջորդ փուլերում նախատեսվում է նաև ԵԱՏՄ տարածքում արտադրված, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների իրացման վերականգնում։ Միաժամանակ ընկերությունը շարունակում է համագործակցել վաճառողների հետ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման հարցերում՝ վաճառքների լիարժեք վերականգնման նպատակով։ Զուգահեռաբար ընկերությունը արագացված ռեժիմով աշխատում է հարթակի տեխնիկական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ փաստաթղթերի մշակման և ստուգման գործընթացների ավտոմատացման նպատակով։ Նաև հարթակում կմեկնարկի հատուկ բաժին՝ «Պատրաստված է Հայաստանում» նշումով, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքները»,– ասված է հայտարարության մեջ։