Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվի․ Պուտին

10/5/2026 09:55

Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ծրագրերը պահանջում են «հատուկ դիտարկում», իսկ Երևանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում ստանում է «զգալի առավելություններ»․ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Սա վերաբերում է գյուղատնտեսությանը, սա վերաբերում է վերամշակող արդյունաբերությանը, սա վերաբերում է մաքսային և այլ վճարներին և այլն, և այլն, սա վերաբերում է միգրացիոն ոլորտին»,- РБК-ի հաղորդմամբ՝ նշել է նա։ Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվի՝ մասնակցել ԵՄ-ի՞ն, թե՞ ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի «փափուկ և ինտելիգենտ ամուսնալուծության» ուղին։ Պուտինը չի բացառել ԵԱՏՄ հերթական գագաթաժողովում հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցության ծրագրերի քննարկումը։ Նա նշել է, որ ռուսներին և հայերին դարեր շարունակ կապում են առանձնահատուկ հարաբերություններ, «և եթե հայ ժողովրդին ձեռնտու է այս կամ այն որոշումը, խնդրեմ, մենք դեմ չենք լինի»։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ)՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով հաջորդ նիստը նախատեսված է 2026 թվականի մայիսի 28-29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։