Այդ միջոցառումն ինչքան ՀՀ-ի, իմ միջոցառումն է, այնքան էլ մյուս մեր գործընկերների միջոցառումն է

11/5/2026 15:59

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը բազմակողմ հարթակ է, անցկացման վայրը կապ չունի, այդ միջոցառումն ինչքան ՀՀ-ի, իմ միջոցառումն է, այնքան էլ մյուս մեր գործընկերների միջոցառումն է: Այս մասին քարոզարշավի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ ՀՀ-ում արված հայտարարություններին: Լրագրողի դիտարկամը, թե ՌԴ-ից հարցեր կան՝ ինչո՞ւ հայկական կողմը, ՀՀ ղեկավարը որևէ կերպով չարձագանքեց այդ հայտարարությանը, չէ՞ որ սպառնալիք էր հնչում հայկական հարթակում, Փաշինյանն ասաց. «Ես չեմ կարծում, թե պետք է գրաքննեմ կամ պարտադիր ամեն ինչին արձագանքեմ, դա բազմակողմ հարթակ է և այդ բազմակողմ հարթակում մարդիկ արտահայտվում են: Եղել է, որ իմ ներկայությամբ նաև ՌԴ նախագահն է հայտարարություններ արել տարբեր երկրների վերաբերյալ, բայց ես չեմ հիշում, որ ՌԴ-ն ինձնից ակնկալեր, որ ես արձագանքեի այդ հայտարարությանը»,-պարզաբանեց Փաշինյանը: