Դատարանը ճանաչել է Գագիկ Ծառուկյանի անմեղությունը
11/5/2026 22:25

Հակակոռուպցիոն դատարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով այսօրվա դատական նիստին հանրային մեղադրողը և մեղադրյալ Գագիկ Ծառուկյանը չէին ներկայացել։ Վերջինի պաշտպանը դատարանին տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալը նիստին չի կարող ներկա գտնվել հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավին մասնակցելու պատճառով։ Այս մասին գրում է «Առավոտը»։
Նախագահող դատավոր Արամ Գրիգորյանը կողմերին հիշեցրեց, որ դատական նիստում այլևս քննարկման հարց չկա, լրացուցիչ դատալսումներն ավարտված են, ուստի դատարանը հեռանում է առանձին սենյակ՝ դատավճիռ կայացնելու համար։
Վերադառնալով դատական նիստերի դահլիճ՝ դատավոր Արամ Գրիգորյանը հրապարակեց վճիռը․ «Ճանաչել և հռչակել Գագիկ Ծառուկյանի անմեղությունը և Գագիկ Ծառուկյանին արդարացնել մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ»։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը՝ 100 միլիոն դրամի չափով, վերադարձնել գրավը մուծած անձին։ Դատարանը Սեդրակ Առուստամյանին ճանաչեց մեղավոր, սակայն համապատասխան հոդվածով նախատեսված պատիժ չնշանակեց վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։