Ռուսաստանը շարունակում է հետաքրքրված լինել «3+3» ձևաչափով
12/5/2026 09:55

Ռուսաստանը շարունակում է հետաքրքրված լինել Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափով շփումների շարունակմամբ և հույս ունի, որ հարթակի լիարժեք աշխատանքը հնարավորինս շուտ կվերսկսվի,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Նա նշել է, որ «3+3» ձևաչափը, որի մեջ մտնում են Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, ծառայում է որպես «հարավկովկասյան պետությունների և նրանց անմիջական հարևանների միջև համագործակցության հաստատման կարևոր գործիք՝ «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքի հիման վրա»։ Միևնույն ժամանակ Կալուգինը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ մի շարք օբյեկտիվ պատճառներով, որոնցից մեկն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն է, «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպման կազմակերպման շուրջ «որոշակի դադար է առաջացել»։
«Սակայն շփումները շարունակելու շահագրգռվածությունը պահպանվում է։ Ակնկալում ենք, որ հարթակի լիարժեք աշխատանքը հնարավորինս շուտ կվերսկսվի»,- ընդգծել է ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենը։