ՀՀ-ԵՄ ուղին կարող է փոփոխություններ առաջացնել ՌԴ հետ հարաբերություններում

12/5/2026 09:58

Երևանի եվրոպական ուղին կարող է հանգեցնել Մոսկվայի հետ հարաբերություններում համակարգային փոփոխությունների,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։ Դիվանագետը մեկնաբանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերը, թե Հայաստանը չափազանց մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի նորովի կառուցել հարաբերությունները այդ երկրի հետ։ «Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, որին դուք ուշադրություն դարձրիք, այն ազդակների օրինակ է, որոնք մենք տարբեր մակարդակներով փոխանցել և շարունակում ենք փոխանցել Հայաստանի ղեկավարությանը և հանրությանը», — պարզաբանել է նա։ «Կարծում ենք, որ մեր երկրների քաղաքացիները պետք է իմանան՝ Երևանի առաջընթացը այսպես կոչված եվրոպական ուղով կարող է ինչ-որ պահի հանգեցնել ռուս-հայկական հարաբերություններում համակարգային փոփոխությունների»,- նշել է Կալուգինը և հավելել, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերը անսասան են, Արևմուտքին չի հաջողվի իրենով փոխարինել Մոսկվային՝ չնայած «գեղեցիկ խոսքերին»։ «Կշեշտեմ՝ Արևմուտքը, չնայած գեղեցիկ խոսքերին, չի կարող և տեսանելի հեռանկարում չի կարողանա փոխարինել Ռուսաստանին Հարավային Կովկասի համար՝ ոչ անվտանգության ոլորտում, ոչ էլ տնտեսությունում։ Մեր շահերը տարածաշրջանում անսասան են»։