Այսօր դասերը կես ժամ կարճ արեցինք, որ մասնակցենք

13/5/2026 13:48

Այսօր մենք դասերը կես ժամ կարճ ենք արել, հանուն Փաշինյանի, որ գանք ու մասնակցենք քարոզարշավին: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Ծաղկահովիտ համայնքի Բերքառատի դպրոցի ուսուցիչներից մեկը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է դասաժամի ընթացքում կարողացել մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին: Հարցին, թե արդյո՞ք միկրոավտոբուսը տրամադրել են քարոզարշավին հասնելու համար, թե ոչ, ուսուցիչը չպատասխանեց՝ նշելով, որ չի կարող ասել: Ներկա ուսուցիչներից մեկն էլ նշեց, որ եկել են, որպեսզի դիմավորեն իրենց հավատարիմ մարդուն՝ Նիկոլ Փաշինյանին: Հավելեց, որ ինքն էլ է դասապրոցեսը կրճատել կես ժամով, որպեսզի քարոզարշավին մասնակցի: «Մենք չէինք կարող մեր վարչապետին չգալ ու չդիմավորել, դրա համար էլ կրճատեցինք ժամերը, աշակերտներին տուն ենք ուղարկել: Բոլոր ուսուցիչներն են ցանկություն հայտնել, մանավանդ մեր տնօրենը: Մենք նախապես պատրաստվել էինք, սպասում էինք այս օրվան, որ երբ գար՝ սիրով գայինք ու դիմավորեինք: Բոլորս պարտավոր ենք մեր վարչապետին ընտրենք: Եթե վարչապետին դիմավորելու համար պետք է պատասխանատվության ենթարկվենք, թող ենթարկեն»: Եզրափակելով իր խոսքը՝ ուսուցիչը հավելեց, որ միկրոավտոբուսը, որով եկել էին, ուղարկված էր շրջկենտրոնից: