Ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին․ Թաթոյան

15/5/2026 18:20

Երեխեք ջան, բարի երեկո, վաղը ժամը 5-ին Կարմիր ակումբի հրապարակում պետք է հավաքվենք։ Երկու կուրսին էլ վերաբերում է,- այս մասին ասվում է ձայնագրությունում, որը հրապարակել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյան ասուլիսի ընթացքում։ Թաթոյանը նշել է, որ այստեղ բացահայտ երևում է, թե ինչպես են պարտադրում ուսանողներին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության նախընտրական քարոզարշավին։ Նա նշել է, որ խոսքը վերաբերում է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջին։ Քարոզարշավի շրջանակում այսօր Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում է։ Ձայնագրության մեջ լսվում է՝ «Երեխեք ջան, բարի երեկո, վաղը ժամը 5-ին Կարմիր ակումբի հրապարակում պետք է հավաքվենք։ Երկու կուրսին էլ վերաբերում է։ Հասկանում եմ գյուղերից եկողներ ունենք, խնդիր չկա, մի քանի հոգու բացակայությունը ոչինչ, բայց ովքեր ունեն հնարավորություն գալու, հատկապես քաղաքի բնակիչները, ես էլ եմ գալու, խնդրում եմ՝ ժամը 5-ին հրապարակում։ Ինձ հանձարարել են, որ ես ասեմ, ես էլ ձեզ եմ հանձնարարարում։ Այնպես չլինի, որ գնամ, կանգնեմ հրապարակում ու տեսնեմ, որ ոչ մեկ չկա իմ երկու խմբից։ Ես պետք է իմ տնօրինության երեսը պարզ պահեմ, դուք էլ՝ իմ։ Հանձնարարված է նաև, որ մաքսիմալ շատ լինեք»։ Ուսանողներն ասում են՝ գիտեն՝ Նիկոլ Փաշինյանն է գալու Արմավիր։ «Ես էլ շատ բան գիտեմ, եկեք չքաղաքականացնենք, ավելորդ ոչինչ չգրենք։ Ասվել է՝ գնում ենք հրապարակ, եղավ։ Ժամը 5-ին հրապարակում։ Ինչքան դժվար ընկալեցիք այն, ինչ ասացի։ Ասացի մի քաղաքականացրեք, ավելորդ բաներ մի գրեք, իմ ու ձեր քննարկելիքը չէ»,- ասում է դասախոսն՝ ի պատասխան ուսանողների արձագանքների։