ԵԱՏՄ-ից դուրս գալը uպառնում է հայկական տնտեսությանը ահռելի կորուստներով

16/5/2026 14:01

Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2025 թվականին նվազել է 45,4 տոկոսով ՝ Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտման մասին խոսակցությունների ֆոնին, իսկ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալը, փորձագետների գնահատականներով, սպառնում է Հայաստանի տնտեսությանը առնվազն 5 մլրդ դոլարի կորուստով։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։ «Փորձագետների գնահատականներով՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է արժենալ երկրի ՀՆԱ-ի 15-20%-ի կորուստ՝ առնվազն 5 մլրդ դոլար... Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումների մասին խոսակցությունների ֆոնին մեր երկրի հետ ապրանքաշրջանառությունը 2025 թվականին կտրուկ նվազել է 45,4%-ով։ Եվ այս բացասական միտումը պահպանվում է»,- գրել է Վոլոդինը «Макс» հարթակի իր ալիքում։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին միացել է 2015 թվականին, և անդամակցության տասը տարիների ընթացքում երկրի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ՝ 10,55-ից հասնելով 26,37 միլիարդ դոլարի։ «Բացի իրացման հսկայական շուկա մուտք գործելուց՝ Հայաստանը արտոնություններ է ստացել էներգետիկայի ոլորտում։ Մեր երկիրը Հայաստանին գազ է վաճառում 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարով։ Այդ նույն ժամանակ Եվրոպայում գինը կազմում է 633 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց։ Հայաստանի արտահանման 25%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին»,- նշել է Պետդումայի նախագահը։ Նա ընդգծել է, որ Հայաստանում աշխատող և այնտեղ բիզնես կառուցող Ռուսաստանի քաղաքացիները սկսել են փակել իրենց ձեռնարկությունները։ Նրա խոսքով՝ նրանք հեռանում են՝ կապված ապագայի անորոշության ստեղծված իրավիճակի և հնարավոր առաջացող խնդիրների հետ։ «Սա միայն մակերեսային պատկերն է։ Կորուստներն ավելի շատ են լինելու։ Եվ դրանցից ամենևին ոչ բոլորն են առնչվում ֆինանսներին»,- հավելել է Վյաչեսլավ Վոլոդինը։