Բեմականացված տեսանյութի իրական արժեքը հարկ է գնահատել

19/5/2026 12:04

Ներքին թշնամանքը ձեռք է բերել այնպիսի ծայրահեղ դրսևորումներ, որ այլևս զրկել է սթափ մտածելու և վերլուծելու նվազագույն ունակությունից,- գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։ «Ահաբեկչության սպառնալիքի ակնհայտ բեմականացված տեսանյութի իրական արժեքը հարկ է գնահատել՝ առնվազն հաշվի առնելով, թե ինչ ժամանակագրության մեջ է այն հայտնվել և ինչպիսի զարգացումների կարող է նպաստել։ Նախ, դրանից ընդամենը օրեր առաջ ՄԱԿ-ում շրջանառության մեջ դրվեց ադբեջանական իշխանության մի բանաձև, որով փորձ է արվում Հայաստանին մեղադրել վարձկանների ներգրավմամբ ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Նկատենք, որ ադրբեջանական մամուլը մի այլ կարգի է վարպետացել հայերեն լեզվով հայատյաց տեսանյութեր պատրաստելու և տարածելու գործում։ Դրան հակադարձելու փոխարեն մեր երկրում անմիջապես հաջորդեցին հիշյալ տեսանյութի առնչությամբ փոխադարձ մեղադրանքները և ընտրությունները չեղարկելու սպառնալիքը։ Իսկ ուժերի հարաբերակցության ներկա իրավիճակում, կարծում եմ, այլ հարցերն ավելորդ են»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մի քանի դիմակավոր անձինք Արցախի բարբառով և վիրավորական բառապաշարով դիմում են Փաշինյանին։ «Նիկոլ, դու պատասխան ես տալու, մենք գիտենք՝ դու որտեղով ես ման գալիս, որ փողոցներով ես անցնում։ Մենք քեզ ջրելու ենք, Նիկոլ»․ ասում է նրանցից մեկը՝ ընթացքում մյուսների ձեռքին, ենթադրաբար, ինքնաձիգներ են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 18–ին, Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ անդրադարձել է հրապարակված տեսանյութին ու կոշտ բառապաշարով հակադարձել․ «Հլը էս փսլինքներին նայի էլի։ Ուրեմն, սենց, մասկեքը հագել են, իբր իրենք ուժեղ տղերք են»։ Փաշինյանը հորդորել է նրանց ինքնակամ ներկայանալ իրավապահներին՝ հավելելով, որ հատ–հատ նրանց գտնելու է և սատկացնելու է։