Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը

19/5/2026 19:54

Մայիսի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը Երևանում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը: Հռչակագրի ամբողջական տեքստը ներկայացված է ստորև: «Ճանաչելով Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Հայաստան) և Լիտվայի Հանրապետության (այսուհետ՝ Լիտվա) միջև երկարատև բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև մշակութային և սոցիալ-տնտեսական կապերը, վերահաստատելով Հայաստանի և Լիտվայի անփոփոխ հանձնառությունը միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների և նորմերի, մասնավորապես` ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և Հելսինկյան եզրափակիչ ակտում սահմանված սկզբունքների և նորմերի պահպանությանը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը, վերահաստատելով Հայաստանի և Լիտվայի միջև գործընկերության հիմքում ընկած հիմնարար արժեքները, այդ թվում՝ ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պահպանման հանձնառությունը, ողջունելով Հայաստանի առավել ժողովրդավարացման ուղին և Լիտվայի հետևողական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության առաջմղմանը, ընդունելով Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները, ինչպես դա արտահայտված է 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքում, ընդգծելով Հայաստանի և Լիտվայի ընդհանուր ցանկությունն ու վճռականությունը՝ ընդլայնելու և խորացնելու իրենց համագործակցությունը Հայաստանի՝ Եվրոպական միությանը (այսուհետ՝ ԵՄ) ինտեգրման, Հայաստանի՝ հիբրիդային և կիբեռսպառնալիքներին հակազդելու կարողության ամրապնդման, Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության, տնտեսական և էներգետիկ բազմազանեցման ամրապնդման ոլորտներում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, վերահաստատելով Հայաստանի անվերապահ հանձնառությունը՝ ամրապնդելու եվրոպական ընտանիքի և ժողովրդավարական պետությունների ավելի լայն համայնքի հետ իր քաղաքական, տնտեսական, անվտանգային և սոցիալական կապերը, ինչի մասին ևս մեկ անգամ վկայում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2024 թվականի հունիսի 20-ին Վիլնյուսում (Լիտվա) ստորագրված «ԵՄ-ին առնչվող հարցերի շուրջ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, վկայակոչելով ԵՄ-ի և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի և նրանց անդամ պետությունների՝ մի կողմից, և Հայաստանի՝ մյուս կողմից, միջև 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում (Բելգիա) ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով և 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում (Բելգիա) ստորագրված Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգով սահմանված շրջանակը, ձգտելով Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերությունները բարձրացնել որակապես նոր մակարդակի՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը, այսուհետ՝ Ստորագրող կողմեր, սույնով հայտարարում են Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին։ Քաղաքական երկխոսությունը 1.1. Ստորագրող կողմերը կնպաստեն Հայաստանի և Լիտվայի միջև բարձրաստիճան շփումների ակտիվացմանը։ 1.2. Ստորագրող կողմերը նախատեսում են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացնել ամենամյա քաղաքական խորհրդակցություններ՝ երկկողմ և տարածաշրջանային մակարդակով ընդհանուր գերակայությունները և խնդիրները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցերը դիտարկելու համար։ 1.3. Ընդգծելով ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության խորացման կարևորությունը՝ Ստորագրող կողմերը հայտարարում են ըստ նպատակահարմարության և գործող երկկողմ իրավական շրջանակին համապատասխան Հայ-լիտվական միջկառավարական գործող հանձնաժողովը ԵՄ-ին ինտեգրման հարցերով հայ-լիտվական հանձնաժողովի վերափոխելու մտադրության մասին։ Այս համատեքստում Ստորագրող կողմերը նպատակ ունեն Լիտվայում՝ Վիլնյուսում, 2026 թվականի երկրորդ կեսին անցկացնել ԵՄ-ին ինտեգրման հարցերով հայ-լիտվական հանձնաժողովի առաջին նիստը։ 1.4. Ստորագրող կողմերը կնպաստեն Հայաստանի և Լիտվայի ոլորտային նախարարությունների միջև կանոնավոր երկկողմ խորհրդակցությունների անցկացմանը՝ կենտրոնանալով Հայաստանի օրենսդրության՝ ԵՄ օրենսդրությանը մոտարկմանն ուղղված բարեփոխումներին աջակցության և Լիտվայի՝ ԵՄ-ին ինտեգրման փորձի փոխանակման վրա։ 1.5. Ստորագրող կողմերն աշխատանքներ կիրականացնեն Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման և հակակոռուպցիոն ջանքերի խթանման և ամրապնդման ուղղությամբ։ 1.6. Ստորագրող կողմերը կնպաստեն Հայաստանի և Լիտվայի միջև ակտիվ համագործակցությանը միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպությունում, Եվրոպայի խորհրդում, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում, Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունում և համապատասխան այլ հարթակներում, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացման միջոցով։ 1.7. Ստորագրող կողմերը կհամագործակցեն աշխարհի տարբեր տարածաշրջաններում խաղաղության և կայունության խթանման ուղղությամբ՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագրի շրջանակում։ 1.8. Լիտվան վերահաստատում է իր ակտիվ աջակցությունը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնություններին՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա։ Հիբրիդային սպառնալիքների հակազդում և ժողովրդավարական դիմակայունության ամրապնդում 2.1. Ստորագրող կողմերն ընդունում են հիբրիդային և կիբեռսպառնալիքներին հակազդելու, կենսական կարևորության ենթակառուցվածքները պաշտպանելու և իր ժողովրդավարական դիմակայունությունն ամրապնդելու հարցում Հայաստանի կարողությունների ամրապնդման ուղղությամբ համագործակցության ընդլայնման ներուժը, այդ թվում՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև հաստատված շրջանակի ներքո։ 2.2. Ստորագրող կողմերը վերահաստատում են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության դեմ պայքարի կարևորությունը, այդ թվում՝ երկու երկրների պետական և մասնավոր հաստատությունների միջև փոխգործակցության միջոցով։ 2.3. Ստորագրող կողմերը նախատեսում են անցկացնել ոլորտային կանոնավոր խորհրդակցություններ ապատեղեկատվության, հանրային դիվանագիտության և հարակից ոլորտներում՝ լավագույն փորձի փոխանակման և առկա մարտահրավերների հաղթահարման նպատակով։ Համագործակցություն էկոնոմիկայի, բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում 3.1. Ստորագրող կողմերն ընդունում են տնտեսական և առևտրային կապերի ամրապնդման ներուժը՝ առաջնահերթություն տալով այնպիսի ոլորտների, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, առողջապահությունը, ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների կառավարումը, օդի որակը, կենսաբազմազանությունը, հողերի կայուն կառավարումը, խելացի գյուղատնտեսությունը և վերականգնվող էներգիան: 3.2. Ստորագրող կողմերը կնպաստեն բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, մասնավորապես՝ կիսահաղորդիչների, արհեստական բանականության, ռոբոտաշինության և ամպային հաշվառման ոլորտներում համատեղ ձեռնարկությունների, հետազոտությունների և այլ նախաձեռնությունների խթանմանը՝ հիմնվելով Լիտվայի՝ որպես ֆինանսական տեխնոլոգիաների, ԱԲ հետազոտությունների և թվային կառավարման տարածաշրջանային առաջատար դերի, ինչպես նաև Հայաստանի արագ ընդլայնվող նորարարական էկոհամակարգի, ինժեներական հմտությունների ամուր հիմքի և զարգացող բարձր տեխնոլոգիական արդյունաբերության վրա։ 3.3. Ստորագրող կողմերը կնպաստեն կայուն սննդի, պարենային անվտանգության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությանը՝ տեխնոլոգիահեն լուծումների և ժամանակակից համակարգերի ներդրման միջոցով՝ պարենի և գյուղատնտեսության, այդ թվում՝ խելացի գյուղատնտեսության ոլորտում ներդրումների խթանման և ագրոբիզնեսի ոլորտում առևտրի դյուրացման նպատակով։ 3.4. Ստորագրող կողմերն արտահայտում են տարածաշրջանային և միջազգային առևտրի ու տրանսպորտային կապի խթանմանն ուղղված առավել սերտ համագործակցությանը նպաստելու իրենց մտադրությունը, այդ թվում՝ միմյանց նախագծերին աջակցություն ցուցաբերելու միջոցով, ինչպիսիք են Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ներառումը Եվրոպական միության «Համաշխարհային դարպաս» ռազմավարության շրջանակում, ինչպես նաև Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային տնտեսական և ենթակառուցվածքային նախաձեռնություններին։ 3.5. Ստորագրող կողմերն արձանագրում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Լիտվայում անցկացվող համատեղ գործարար և տեխնոլոգիական համաժողովների կազմակերպմանն աջակցելու իրենց մտադրությունը՝ շահագրգիռ կողմերի համար ապահովելով կապերի հաստատման և համագործակցության խթանման հարթակ։ 3.6. Ստորագրող կողմերն արտահայտում են էներգետիկայի ոլորտում համագործակցությունը խրախուսելու իրենց մտադրությունը՝ կենտրոնանալով կանաչ ջրածնի և վերականգնվող էներգետիկայի նախագծերի վրա։ Լիտվայի էներգետիկ անկախության ազգային ռազմավարությունը և ջրածնային հարթակը կծառայեն որպես համագործակցության մոդել, այդ թվում՝ պահեստավորման տեխնոլոգիաների համար, ինչպիսիք են խոշորածավալ մարտկոցային էներգիայի պահպանման համակարգերը և մասնակցությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող՝ վերականգնվող էներգետիկայի ծրագրերին։ Մարդկանց միջև շփումները, կրթությունը, գիտությունը և մշակույթը 4.1. Ստորագրող կողմերը կշարունակեն նպաստել Լիտվայի կողմից Հայաստանի բարեփոխումներին աջակցության տրամադրմանը Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման համատեքստում, մասնավորապես՝ սահմանային կառավարման և անվտանգային, ինչպես նաև միգրացիոն քաղաքականության ոլորտներում։ 4.2. Ստորագրող կողմերը կշարունակեն խթանել համագործակցությունը մասնագիտացված կրթական և հետազոտական կենտրոնների, ինստիտուտների, համալսարանների և դպրոցների միջև իրականացվող փոխանակումների միջոցով, այդ թվում՝ «Հորիզոն Եվրոպա» և «Էրազմուս +» ծրագրերի շրջանակներում: 4.3. Ստորագրող կողմերը կխթանեն Հայաստանի և Լիտվայի համալսարանների միջև ակադեմիական գործընկերությունները, այդ թվում՝ արհեստական բանականության, ռոբոտաշինության, բնական գիտությունների, վերականգնվող էներգետիկայի, քվանտային տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության ոլորտներում, և կխրախուսեն հետազոտական նախագծերը, որոնք ընդգրկում են գիտնականների՝ երկու կողմերից։ 4.4. Ստորագրող կողմերը նաև կխթանեն ընդհանուր պատմական հիշողության վրա կենտրոնացած նախաձեռնությունները։ 4.5. Առաջընթացն ամրապնդելու նպատակով համագործակցությունը կխթանվի համապատասխան երկկողմ և ԵՄ-ի կողմից աջակցվող ծրագրերի միջոցով։ Սույն Համատեղ հռչակագիրը միջազգային պայմանագիր չէ և չի ստեղծում ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն իրավական իրավունքներ և պարտականություններ։ Սույն Համատեղ հռչակագրի համաձայն իրականացվող բոլոր գործողությունները պայմանավորված են ռեսուրսների հասանելիությամբ և կիրականացվեն Ստորագրող կողմերի պետություններում գործող համապատասխան օրենքներին և կարգավորումներին համապատասխան։ Ստորագրող կողմերը կարող են սահմանել և փոխադարձ համաձայնեցնել համագործակցության լրացուցիչ ոլորտներ»: