Անհնար է համատեղել ԵԱՏՄ-ն եվրոպական կառույցներին ինտեգրման հետ

21/5/2026 15:53

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի բացակայությունը՝ հայտարարելով, որ ԵԱՏՄ–ի համար դրանում «ոչ մի ողբերգություն չկա», սակայն հարցեր են առաջանում Հայաստանի հետագա արտաքին քաղաքական կուրսի համատեքստում։ Ըստ Զախարովայի՝ Մոսկվան իրավիճակը գնահատում է ոչ թե քաղաքական հայտարարություններով, այլ Հայաստանի կառավարության կոնկրետ գործողություններով, որոնք կապված են եվրոպամետ քաղաքականության իրականացման և եվրասիական ինտեգրացիոն գործընթացների վրա դրանց հնարավոր ազդեցության հետ։ «Միավորման համար, իհարկե, ոչ մի ողբերգություն չկա, հարցը միայն հենց Հայաստանի մեջ է»,- ասել է նա: Նա ընդգծել է, որ ռուսական կողմը բազմիցս զգուշացրել է ԵԱՏՄ-ին անդամակցության և եվրոպական կառույցների հետ ինտեգրման խորացման միջև առկա հակասությունների մասին, հատկապես՝ այլ ինտեգրացիոն դաշինքի կողմից կարգավորման վերազգային մեխանիզմների ձևավորման պայմաններում։ Զախարովայի խոսքով՝ Մոսկվան «ի սկզբանե խոսել է այն մասին, որ անհնար է ԵԱՏՄ-ին անդամակցությունը համատեղել մեկ այլ ինտեգրացիոն բլոկի վերազգային կարգավորող մեխանիզմների ներդրման հետ»։ Նա նշել է, որ այս դիրքորոշումը հայկական կողմին փոխանցվել է «բազմիցս և սպառիչ կերպով՝ բոլոր մակարդակներում»։