Վաղ առավոտյան ԱԱԾ–ականները ներխուժել են «Մայր Հայաստան»–ի գրասենյակ

22/5/2026 08:06

Այսօր՝ մայիսի 22–ին, վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ–ականները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ։ Կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը Facebook–ի իր էջում «լայվ» է մտել, որտեղ նա պահանջում է իրավապահներից նախ ծանուցագիր ներկայացնել, նոր սկսել քննչական գործողությունները, որից հետո միայն ինքը կանջատի հեռախոսը։ Իրավապահները պահանջում են անջատել հեռախոսը, քանի որ սա գաղտնի քննչական գործողություն է։ Այնտեղ է նաև Անդրանիկ Թևանյանը։ «Այս պահին դիմակավորված անձինք ու քննիչները Անդրանիկ Թևանյանի աշխատասենյակում են։ Հիշեցնենք, որ երեկ Անդրանիկ Թեւանյանի վերաբերյալ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՔԿ–ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,– հայտնել են ՔԿ–ից։