Դիմակավորված անձինք ներխուժել են Մարտուն Գրիգորյանի տուն
22/5/2026 10:38

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր վաղ առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն:
Ինչպես արդեն հայտնի է` Մարտուն Գրիգորյանը 2026թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ԲՀԿ-ի հետ եւ նախօրեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում բավականին հաջողված հանդիպումներ է ունեցել Շիրակում: Նկատենք, որ Մ. Գրիգորյանը մեծ ընտրազանգված ունի Գյումրիում, ինչը վկայեցին նաեւ Գյումրու ավագանու արտահերթ ընտրության արդյունքները, որտեղ ՔՊ-ն պարտվեց ու ընդդիմությանը հաջողվեց միավորվելով ստանձնել Գյումրիի կառավարումը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Մարտուն Գրիգորյանի թիմից մեկ հոգու արդեն ձերբակալելու որոշում է կայացվել:
Հակակոռուպցիոն կոմիտեից
NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել են, որ Մարտուն Գրիգորյանի տանը խուզարկություններն իրականացվում են կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում: