Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում․ Օվերչուկ
22/5/2026 18:49

Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, բայց իրավիճակն արտասովոր է․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Շատ տարօրինակ, արտասովոր իրավիճակ է։ Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, բարգավաճի ու շարունակի զարգանալ նույն տեմպերով, ինչպես որ արել է վերջին տարիներին, երբ ԵԱՏՄ-ում էր:
Հայաստանի ղեկավարությունն էլ է հայտարարում, որ ուզում է մնալ կառույցում»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Օվերչուկը նաև նշել է, որ Ռուսաստանը չի կարող անուշադրության մատնել Հայաստանի՝ Եվրամիություն մտնելու ձգտման մասին հայտարարությունները, որը Մոսկվայի համար վերածվել է թշնամական ռազմաքաղաքական բլոկի։
«Իհարկե, մենք չենք կարող դա անուշադրության մատնել։ Հատկապես ներկա իրավիճակում, երբ Եվրամիությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից փաստացի վերածվում է ռազմաքաղաքական միության, որը չի թաքցնում իր թշնամական վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ։ Մենք չենք կարող դա անուշադրության մատնել»,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ Երևանը պետք է որքան հնարավոր է արագ կողմնորոշվի Եվրոպական միության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ընտրության հարցում։