Անդրանիկ Թևանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան
23/5/2026 16:53

Այն մեղադրանքի տեքստը, որը հիմա քննում է դատարանը, առնվազն դրանով չի կարելի ազատազրկման հարց քննարկել։ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
Նա նշեց, որ այս պահին որոշ հարցադրումներ կային, որոնք պաշտպանական կողմը ներկայացրել է, իսկ ընդմիջումից հետո կներկայացնեն իրենց դիրքորոշումը, որից հետո դատարանը կհեռանա որոշում կայացնելու։
Փաստաբանի խոսքով` գործի այն նկարագրությունը, որով առաջադրված է մեղադրանքը, բոլոր լրագրողներն այդ հատկանիշներով կարող են դատվել. խոսքը վերաբերում է ինֆորմացիայի տարածմանը, ինչ–որ բան հարցնել, իմանալուն։
Արդյոք խափանման միջոց կիրառման հարց ևս կքննարկվի՞, Օրբելյանը պնդեց, որ դրա հիմքեր դեռ չկան։
«Մեր կարծիքով` քրեական հետապնդում հարուցելու հիմքեր չկան, այս նյութերից չի բխում որևէ գործի հարուցում։ Մոտավորապես այն արգումենտացիան` հարուցենք, հետո քննենք, կալանավորենք, ապա ապացույցներ ձեռք կբերենք, մոտեցումն ընդունելի չէ. չի կարելի անձին մեղադրանք առաջադրել, երբ չունես անձին վերաբերելի, թույլատրելի բավարար ծավալի ապացուցողական բազա»,– ընդգծեց Օրբելյանը։
Փաստաբանի խոսքով` Թևանյանին առաջադրված մեղադրանքի մեջ «պետական գաղտնիք հավաքել, փոխանցել» ձևակերպում չկա։