Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Ռուբիոյի՝ ՀՀ այցի վերաբերյալ

26/5/2026 20:24

ԱՄՆ պետքարտուղարն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը և Հայաստանում կայանալիք ընտրությունները. այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թոմի Փիգոտի տարածած հաղորդագրության մեջ: «Ղեկավարները հայտարարել են TRIPP-ի վերաբերյալ երկկողմ շրջանակային համաձայնագրի մասին և ստորագրել Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը և Կարևորագույն հանքանյութերի մասին փոխըմբռնման հուշագիրը: Այս փաստաթղթերը խորացնում են մեր երկկողմ հարաբերությունները և առաջ են մղում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի պատմական խաղաղության գագաթնաժողովի ժամանակ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշված է հաղորդագրության մեջ: