Բանակը քայլերթի ու փիառի մասին չէ
28/5/2026 16:43

Այսօր մեր առջև նույն հարցն է՝ կլինենք ուժեղ պետություն, թե թույլ տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները: Այս մասին Հանրապետության օրվա կապակցությամբ հատուկ ուղերձում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Այսօր մայիսի 28-ն է, մայիսյան հերոսամարտերում մեր հաղթանակի օրը, և այն օրը, երբ հայ ժողովուրդը որոշեց ապրել ոչ թե ուրիշների ողորմությամբ, այլ իր պետությամբ: 1918 թվականին Հայաստանը չուներ բանակ, չուներ ռեսուրս, չուներ տնտեսություն, բայց ուներ ամենակարևորը՝ կամք, այսօր մենք խոնարհվում ենք նրանց առաջ, ովքեր կռվեցին, որպեսզի Հայաստանը գոյություն ունենա քարտեզի վրա, բայց մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ, այն մեր այսօրվա քննությունն է: Այսօր Երևանում անցկացվում է ռազմական շքերթ, և իհարկե յուրաքանչյուր հայ հպարտանում է իր զինվորով, բայց մենք պարտավոր ենք ասել ճշմարտությունը՝ բանակը քայլերթի մասին չէ, ոչ էլ փիառի:
Այսօրվա իշխանությունների օրոք յուրաքանչյուր քայլ արվում է բացառապես ցուցադրության համար, Փաշինյանին չի հուզում մեր երկրի, մեր զինվորի անվտանգությունը, նրան միայն հուզում է իր աթոռը, որը նա պատրաստ է պահել ամեն գնով: Ուժեղ բանակ չի լինում թույլ իշխանությամբ, ուժեղ բանակ չի լինում, երբ պետությունը կորցնում է արժանապատվությունը, երբ հերոսների անունները մոռացվում են, իսկ պարտությունները ներկայացվում են որպես խաղաղություն։ Այսօր, երբ Բաքվի բանտում դեռ պահվում են հայ գերիներ՝ միայն նրա համար, որ հայ են, մենք իրավունք չունենք լռելու»,- նշել է Կարապետյանը: