ԵԱՏՄ 4 երկրի առաջնորդների հայտարարությունը

29/5/2026 18:46

ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի նախապատրաստական ​​աշխատանքները լուրջ ռիսկեր են ներկայացնում ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգության համար,- այս մասին ասվում է ԵԱՏՄ երկրների չորս առաջնորդի հայտարարության մեջ, հայտնում է Կրեմլի կայքը։ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, որով անհրաժեշտ են համարել հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնել՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։ Աստանայում մայիսի 29-ին ընդունված հայտարարությունում նշվում է, որ այդ դիրքորոշումը ձևավորվել է՝ հաշվի առնելով Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելուն ուղղված քայլերը, այդ թվում՝ 2025 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և Հանրապետության նախագահի կողմից ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, ինչպես նաև 2026 թվականի մայիսի 5-ին կայացած Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրում ԵՄ-ի կողմից Հայաստանի եվրոպական ձգտումների վերահաստատումը։ «Կիսում ենք այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս կարճ ժամկետում անցկացնել համազգային հանրաքվե՝ Եվրամիությանը անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու հարցով»,- ասված է հայտարարության մեջ։ Որոշվել է, որ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները Եվրասիական միջկառավարական խորհրդում 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում կզեկուցեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ԵԱՏՄ երկրների չորս առաջնորդի հայտարարությունը Հայաստանի փոխվարչապետին է փոխանցվել։