Արտաքին աշխարհի մի մասի մոտ Փաշինյանն արդեն կորցրել է վստահությունը
29/5/2026 18:55

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրում է․
«Հայաստանի հետ կապ ունեցող արտաքին աշխարհի մի մասի մոտ, Փաշինյանն արդեն կորցրել է վստահությունը, ի՞նչ երաշխիքներ կան, որ չի կորցնի նաև Արևմտյան աշխարհի մոտ:
Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը, ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի:
Եվրոպական քաղաքական համանյքի համաժողովի և նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական այցի ժամկետներն ընտրված էին այդ նպատակով: Իհարկե տպավորիչ է, երբ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, գալիս ու "քաջալերում" են Նիկոլին՝ չխորանալով Հայաստանի հետագա հիմնախնդիրների մեջ:
Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի “Touch-and-Go” այցը, Հայաստանի հանքանյութերի ու հազվագյուտ հանածոների մասին ստորագրված հուշագիրը, այնուհետև՝ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը ևս նախընտրական աջակցության վերածվեց: Կարելի է նաև ենթադրել, որ պաշտոնական Երևանն էր խնդրել, նման գրառում անել:
Նախընտրական ցուցահանդեսի վերածված զորահանդեսը և դրա մատուցումն իրականացվեց ոչ թե պետության ռազմական ուժի դրսևորման, այլ մեկ անձի շուրջ քարոզչության նպատակով: Ամբողջը քարոզչական տեքստն ուղղված էր ոչ թե պետության տարածքային ամբողջականությանն ու անձռմխելիությանը, այլ քարոզվում էր՝ “տեսեք ինչ վատն են նախկինները ու ինչ լավն է Նիկոլը” թեզը: Իրականում, հայկական զորահանդեսների գաղափարաբանության համար պատեհ առիթը՝ սեպտեմբերի 21-ի անկախության հոբելյանական տարեդարձներն են:
Ասում են, որ առաջիկա օրերի գինու փառատոնը ևս ծառայեցվելու է Նիկոլ Փաշինյանի անձի՝ ուղղակի և անուղղակի քարոզչությանը: Կենացների, ողջագուրումների ու պաչիկների բեմադրություններ, ցափ-ծիծաղ, երգ ու պար... Մի խոսքով, սիրելի ժողովո՛ւրդ, “մէ քեֆ, մէ ուրախություն”-ը ձեզ Նիկոլ պապին է պարգևել:
Այս ամենը հասկանալի է: Աղետներից, պատերազմներից, մարդկային, տարածքային կորուստներից ու վնասներից հետո, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի համար, ծխածածկույթ կարող էին ապահովել միայն չընդհատվող շոուներն ու մասշտաբային մանիպուլյացիաները:
Մի բան հասկանալի չէ: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չգնաց Աստանա (որտեղից ստացել էր “Ոսկե Արծիվ” բարձրագույն պետական պարգևը) և ԵԱՏՄ նիստը ինչու՞ չվերածեց իր նախընտրական PR-ի: Արձակուրդից մեկ օրով վերադառնալը դժվար չէր:
Չեմ կասկածում, որ եթե Նիկոլ Փաշինյանը վստահ լիներ, որ կարող էր այդ նիստից ունենալ նախընտրական օգուտ՝ ստանալով ԵԱՏՄ անդամ երկրների լիդերների բարի խոսքերն ու հաջողության մաղթանքները՝ նա անպայման կգնար: Իսկ ՔՊ քարոզչության “ռահվիրաները” կաղմկեին ևս մեկ աշխարհացունց ու աննախադեպ դիվանագիտական ձեռքբերման մասին: Նրանք հայ տնտեսվարողներին կպատմեին, թե ինչպե՛ս է քաջաբար մարտնչող Փաշինյանը ճանապարհ հարթում դեպի ԵԱՏՄ շուկաներ՝ հանուն մեր քաղաքացիների բարօրության: Այնպես, ինչպես անում էին առ այսօր, երբ Նիկոլը մասնակցում էր ԵԱՏՄ բոլոր նիստերին:
Սա չի՞ խոսում արդյոք այն մասին, որ Հայաստանի հետ կապ ունեցող արտաքին աշխարհի մի մասի մոտ, Նիկոլ Փաշինյանն արդեն կորցրել է վստահությունը, և նա գիտի այդ մասին: Հետևաբար, ի՞նչ երաշխիքներ կան, որ մի գեղեցիկ օր, նա չի կորցնի վստահությունը նաև Արևմտյան աշխարհի մոտ:
Գուցե այդ պատճառո՞վ է ամերիկյան վարչակազմն առաջնորդվել՝ “երեկոյան հազվագյուտ մետաղների հուշագիրը՝ առավոտյան աջակցությունը” պրագմատիկ սկզբունքով:
Շարունակ միմյանց հակասող հայտարարութուններ անող ու հակասական քաղաքականություն վարող երկրի կառավարիչներին դժվար է վստահելը»: