Եթե Իոաննիսյանի գրառումը չհեռացվի, ԼՀԿ-ն շարունակելու է գործընթացը
30/5/2026 13:44

Եթե Իոաննիսյանի գրառումը չհեռացվի, ԼՀԿ-ն շարունակելու է գործընթացը։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Ըստ էության, ԿԸՀ-ն ճանաչել է, որ տեղի է ունեցել խախտում մեր նկատմամբ։ Քննարկել են երևի, որ մեր պահանջը շատ խիստ է, որ հավատարմագրումը դադարեցվի, բայց այն, որ մեր իրավունքները խախտվել են, դա ճանաչված է»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ահյտնել էինք՝ ԿԸՀ-ն մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը՝ զրկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և Դանիել Իոնիսյանին դիտորդական մանդատից, սակայն նաև կոչ արեց վերացնել ԼՀԿ-ի մասին բացասական հրապարակումներն ու չկրկնել դրանք:
Մայիսի 26-ին «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, թե «ռուսաստանյան ФСБ–ի թղթերում» ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշված է որպես ЛОМ (лидер общественного мнения)։
ԼՀԿ–ն դիմել էր ԿԸՀ` խնդրելով հավատարմագրումից զրկել Իոաննիսյանի կազմակերպությանը, քանի որ նա իրականացրել է հակաքարոզչություն՝ թիրախավորելով կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանին։